Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ արդարադատության նախարարին

2018-07-10 19:07:00

 

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ղեկավարած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ նոր կառավարության անդամների այցելություններն ու շփումները արցախյան գործընկերների հետ և ընդգծել միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացման հրատապությունը: Իր խոսքում ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետևանքներով պայմանավորված Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության խնդիրը: Արտակ Զեյնալյանը վստահեցրել է, որ արցախյան գործընկերների հետ համագործակցության շրջանակներում փորձելու են օժանդակել նաև կադրերի վերապատրաստմանը:
Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել հետսահմանադրական կարգավորումների, օրենսդրության կատարելագործման, հանրության իրավաքաղաքական գիտակցության բարձրացմանն ուղղված ծրագրերի և քաղաքացիների իրավական պաշտպանվածության հարցերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ