Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Աշոտ Ղուլյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիացի խորհրդարանականների հետ

2018-04-05 20:04:00

 

Արցախի Հանրապետության ԱԺ-ի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած պատվիրակությունը երեկ այցելել է Փարիզում ՀՀ դեսպանատուն: Դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ կարճատև առանձնազրույցից հետո խորհրդարանի նախագահը հանդիպել է "Սատար Ղարաբաղին" ֆրանսահայ միության անդամների հետ:
Աշոտ Ղուլյանը հանդես է եկել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի և այս տարիներին Արցախում պետականաշինության գործընթացի վերաբերյալ բանախոսությամբ՝ ընդգծելով անվտանգության ապահովման, արտաքին քաղաքականության և տնտեսական զարգացման ուղղությամբ ունեցած ձեռքբերումներն ու անելիքները։ "Արցախի ազատագրական շարժումը օգնեց, որպեսզի հայերը գտնեն իրենց ինքնությունը, հիմա էլ պետք է օգնել Արցախին, որպեսզի չկորցնենք այդ ինքնությունը",-ամփոփել է Արցախի խորհրդարանի նախագահը:
Այնուհետև Աշոտ Ղուլյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերին՝ կապված Արցախի տնտեսական ներուժի, միջազգային ճանաչման, Ֆրանսիայում` արցախյան օրերին նվիրված միջոցառումների, ապակենտրոնացված համագործակցության արդյունավետության,  արտահանման, ներմուծման հետ կապված խնդիրներին։ 
Հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահը, Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին և պարգևատրել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի հուշամեդալով։ 
Իսկ այսօր ԱԺ-ի նախագահ, "Արցախ-Ֆրանսիա" բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների և Սենատի անդամների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի ԱԺ փոխնախագահ Կարոլ Բյուրո  Բոնարին,  ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարի-Լոսյանին, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դը Վինազին, ինչպես նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի  մի խումբ անդամների հետ։
Աշոտ Ղուլյանը ողջույնի խոսքում նշել է, որ Ֆրանսիայի հետ կապերի ընդլայնումն ու զարգացումը հիմնավոր տեղ ունի Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում, իսկ ֆրանսիացի խորհրդարանականների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումները Ստեփանակերտում և Փարիզում, հնարավորություն են ոչ միայն երկուստեք հետաքրքրող հարցերի քննարկման, այլև օրենսդրական ու խորհրդարանական փորձի փոխանակման տեսանկյունից: "Այս առումով մենք կարևորում ու բարձր ենք գնահատում "Ֆրանսիա-Արցախ" բարեկամության շրջանակի գործունեությունը, որը մեզ համար յուրօրինակ պատուհան է դեպի Ֆրանսիա, իսկ Ֆրանսիայի միջոցով՝ նաև դեպի Եվրոպա",- ընդգծել է Արցախի խորհրդարանի նախագահը։
Ֆրանսիայի խորհրդարանականները հարցեր են ուղղել ԱԺ-ի նախագահին՝  կապված տարածաշրջանի իրավիճակի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, ապակենտրոնացված համագործակցությունից սպասումների, ֆրանկոֆոնիայի զարգացման հնարավորությունների և այլ թեմաներով:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ