Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա

2018-04-03 18:04:00

 

Այսօրվանից  Դրոմի նահանգում մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա: Պատվիրակության կազմում են խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Բուրգ լե Վալանսի քաղաքապետարանում Արցախի պատվիրակությանն ընդունել է քաղաքապետ Մարլեն Մուրյեն։ Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև առկա համագործակցությունը շարունակական է և Բուրգ լե Վալանսը հումանիտար ոլորտում փոխգործակցության հաջողված օրինակներից է։Մարլեն Մուրյեն կարևորել է անմիջական շփումները և ընդգծել, որ անցյալ տարվանից նրանք փորձում են համագործակցությունն ամրապնդել կոնկրետ ծրագրերով. Արցախում, մասնավորապես` Շուշի քաղաքում արտադրված ապրանքների տոնավաճառ կազմակերպել Բուրգ լե Վալանսում։Այնուհետև պատվիրակության անդամները Վալանսի քաղաքապետարանում հանդիպել են քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ: Ֆրանսիացի քաղաքապետը ողջունել է Արցախի խորհրդարանի նախագահին և պատրաստակամություն հայտնել զարգացնելու քույր քաղաքների ձևաչափով համագործակցությունը՝ հաշվի առնելով դրանում կրթական և մշակութային փոխգործակցության գերակայությունը։Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Արցախում բարձր են գնահատում ֆրանսիական քաղաքների  հետ բարեկամական կապերը և այդ հարաբերությունները արհեստականորեն քաղաքականացնելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Նրա խոսքով Արցախի հանրային և տեղական ինքնակառավարման մարմինները կարիք ունեն կատարելագործելու իրենց աշխատանքների կազմակերպումը և այս համատեքստում զարգացած ժողովրդավարական երկրների ու քաղաքների հետ փորձի փոխանակման հնարավորություններ են փնտրում։ Հանդիպումներին ներկա էին Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի տեղակալ Գայանե Մանուկյանը, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, հայ համայնքի ներկայացուցիչներ։Օրվա երկրորդ կեսին նախատեսված էր համագործակցության նոր համաձայնագրի ստորագրման արարողություն Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև։

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ