Գլխավոր \ Լուրեր \ Մշակույթ

Լուրեր

ԱՀ և ՀՀ մշակույթի նախարարությունների միջև ստորագրվեց համագործակցության նոր հուշագիր

2018-02-03 20:02:00

 


ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության միջև այսօր ստորագրվեց պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն կարևորում է մասնագիտական փորձի փոխանակումը և մեթոդական օժանդակությունը, համագործակցությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության և ուսումնասիրման ոլորտներում, ինչպես նաև Արցախի պատմամշակութային և բնապատմական արգելոցների զարգացման ծրագրերի մշակման և իրագործման գործընթացը: Ըստ հուշագրի նախատեսվում է նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտի վերաբերյալ գիտահանրամատչելի գրականության համատեղ հրատարակում, ՀՀ մշակույթի նախարարության կողմից աջակցություն` թանգարանային նոր ցուցադրությունների կազմակերպման, գտածո հնագիտական նյութերի մաքրման և վերականգնման գործում, համատեղ ցուցահանդեսների և գիտական կոնֆերանսների կազմակերպում, ինչպես նաև հրատապ հնագիտական պեղումների ու հուշարձանների մոնիթորինգի համատեղ կազմակերպում և իրականացում: Այս ամենը կյանքի կոչելու նպատակով կհաստատվի ոլորտային համագործակցության միջոցառումների ծրագիր և կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար կհանդիպեն ու կքննարկեն աշխատանքների ընթացքը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ