Գլխավոր \ ''Օր'' լրատվական ծրագիր

''Օր'' լրատվական ծրագիր

Ծովինար Սամվելի Բարխուդարյան: 

Կրթված ու դաստիարակված եմ Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ″Հայոց լեզու և գրականություն″ բաժնում, կրթության ներկայիս չափորոշիչներով ունեմ նաև մագիստրոսի աստիճան: Դեռ մանուկ հասակում, երբ իմ հասակակիցները տուն-տունիկ էին խաղում, ես այլ հետաքրքրություններ ունեի. հայելու առաջ նստած թերթեր էի կարդում` կողքից թվում էր` ուղեղիս հետ ինչ-որ բան է կատարվում: Հետո սկսեցի վարել բակային համերգներ… մի քանի տարի անց Արցախի Հեռուստատեսությունն ունեցավ մանկապատանեկան ծրագիր /խմբագիր` Մելորա Բաղդասարյան/: Հայտարարվեց մրցույթ` ծրագրի լավագույն անվանման համար, իսկ մրցանակը չէք պատկերացնի` իմ երազանքն էր` աշխատել հեռուստատեսությունում: Իմ երկնած ″Կարկաչ″ անունը լավագույնը ճանաչվեց,  ես էլ դարձա հաղորդման պատվավոր վարողներից մեկը,  մինչև մեծացա ու արդեն չէի տեղավորվում ծրագրի ֆորմատներում` մանկապատանեկան: Հետո իմ ″տաղանդը″ դրսևորվեց ″Սանդղակ″ երիտասարդական ծրագրում` Նորեկ Գասպարյանի ղեկավարությամբ. իմ կյանքի լավագույն տարիներին էին բոլոր առումներով: Մի օր էլ, երբ հեռուսատատեսությունում, ինչպես միշտ, հաղորդավարների ճգնաժամ էր, իմ ″տաղանդը″ պարոն Գասպարյանը երկրորդ անգամ էլ նկատեց: Առաջարկեց վարել ″Լուրեր″-ը… Առաջին փորձն անհաջող էր, երկրորդը`… ասում են, ստացվեց: Եվ ահա իններորդ տարին է, ի պատիվ ինձ շաբաթը երկու անգամ, երբեմն, երբ Գագիկն ու Արսենը, արձակուրդում են լինում նաև ավելի շատ, ներկայացնում են ազատ ու անկախ Արցախի հանրային հեռուստատեսության լրատվական ծրագիրը, առաջինը ողջունում մեր հավատարիմ հեռուստադիտողներին  և հուսով եմ, որ դեռ չէք հոգնել ինձանից, որովհետև չնայած ծնվել եմ անցյալ դարում, բայց դեռ չեմ պատրաստվում թոշակի գնալ: Ավելին, շուտով հեռուստատեսությունը կրկին իր դռներն է բացելու  փոքրիկների առաջ, վերադառնում է ″Կարկաչ″-ը, ես էլ հետը: Մոռացա նշեմ, որ ես ստեփանակերտցի եմ, հորոսկոպով առյուծ, այսինքն արքայական քմահաճույքներ եմ ունենում մեկ-մեկ` սիրում եմ տեղի-անտեղի հաճոյախոսություններ լսել և միշտ ուշադրության կենտրոնում լինել: Ասում են  իմ դուստրերն ամենևին էլ  ինձ նման չեն, բայց մի բանում հաստատ նման են` նրանք խելագարի պես սիրում են հեռուստատեսությունը` մեր հեռուստատեսությունը:


Սամվել Բալայան:

Իմ մուտքը հեռուստատեսություն 2008-ին էր: Սկիզբը դժվար էր, քանի որ ընդամենը 2 շաբաթում պիտի պատկերացում կազմեի լրատվական ծրագրի մասին` իր ամբողջ կառուցվածքով: Պետք էր կարճ ժամանակամիջոցում վարել ″Օր″ լրատվական ծրագիրը: Բայց, խոստովանեմ, հեռուստատեսության վերաբերյալ իմ ամբողջական պատկերացումը իմ առաջին եթերից ուղիղ մեկ տարի անց էր: Ես տեսանյութեր էի պատրաստում գյուղի կյանքի, հողագործի առօրյայի ու մեր մարզիկների ունեցած հաջողությունների վերաբերյալ: Այսօր էլ ուրախությամբ ու սիրով եմ աշխատում:

 Նորայր Հովսեփյան

Ես` Նորայր Գեւորգի  Հովսեփյանս, ծնվել եմ 1982թ. նոյեմբերի 8-ին,  ՀՀ  Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Դարբաս գյուղում:

1988-1999թթ. սովորել եմ Դարբասի միջնակարգ դպրոցում:

1999թ. գերազանցությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել եմ Արցախի պետական համալսարանի պատմության բաժինը:

2001-2003թթ. ծառայել եմ ՀՀ Զինված ուժերում: Զորացրվել եմ ավագի կոչումով:

2006թ. գերազանց գնահատականներով ավարտել եմ Արցախի պետական համալսարանի պատմության բաժինը եւ ընդունվել ասպիրանտուրա` որպես հայոց պատմության մասնագետ:

2005 թվականից աշխատել եմ ″Ազատ Արցախ″ հանրապետական թերթում` որպես ինֆորմացիայի բաժնի խմբագիր, ապա` էկոնոմիկայի բաժնի վարիչ:

2009 թ. աշխատանքի եմ ընդունվել ″Արցախի հանրային հեռուստառադիոընկերություն″ՓԲԸ-ում` որպես լրագրող:

Ամուսնացած եմ, ունեմ մեկ դուստր: